Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի վարչապետը մերժեց ՀԱՊԿ ռազմական օժանդակությունը, փոխարենը Հայաստան հրավիրեց թուղթ ու գրիչով «զինված» եվրոպացիներին:
Հիշենք, որ եվրոպացի դիտորդների առաջին խմբաքանակը Հայաստան էր եկել 2022-ի նոյեմբերին: Թե ինչ էին անում, ինչով էին զբաղված անզեն եվրոպացիները հայ-ադրբեջանական սահմանին` դժվար է ասել:
Եթե եկել էին Ադրբեջանին զսպելու համար, ապա դա նրանց ամենևին չհաջողվեց, որովհետև թշնամին այդ ամիսներին և՛ կրակում էր հայկական դիրքերի ուղղությամբ, և՛ սպանում հայ զինվորին:
Հետո ասվեց, թե ԵՄ դիտորդները փաստեր են հավաքում, որպեսզի զեկույց պատրաստեն: Բայց մինչ օրս հայտնի չէ` գրվե՞ց, թե չգրվեց այդ զեկույցը, ու՞ր գնացին այդ ռազմական տվյալները, ինչի՞ն ծառայեցվեցին:
Կան կասկածներ, որ իրականում ԵՄ «դիտորդների» անվան տակ հանդես եկող խումբը եվրոպական կառույցներից Հայաստանում ներդրված գործակալներ են, որոնք գտնվելով մեր դիրքերում, զբաղված են հայկական, ռուսական, իրանական զորամիավորումների շարժը դիտարկելով:
Եվ հիմա դարձյալ` 2023-ի փետրվարից, Հայաստանում են Եվրամիության 100 բացառապես քաղաքացիական առաքելության դիտորդները` 50-ը զինված` 50-ը անզեն: Սրանք նորից շրջագայում են ՀՀ սահմաններով ու փաստեր հավաքում…
Ի դեպ, տարօրինակ է, որ ԵՄ դիտորդների տեսադաշտից ամբողջովին դուրս է մնացել հիմնական վտանգը` թուրքական ու ադրբեջանական զորամիավորումների շարժը:
Եվրոպացիները ոչինչ չեն խոսում Նախիջևանի, Քարվաճառի, Ջերմուկի ուղղությամբ նկատվող ադրբեջանական, թուրքական զինված ստորաբաժանումների կուտակումների մասին: Իսկ օրերս ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ասել էր. «Եվրոպացի դիտորդներն Ադրբեջանի տարածք մուտք չունեն, հետևաբար, չեն կարող հայտնաբերել հարձակման նախապատրաստվող զորքերի տեղաշարժը»։ Ռիտերը նաև անկեղծացել էր. «Մենք չենք կարող միջամտել, քանի որ ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ»: Հիմա ի՞նչ, շնորհակա՞լ լինենք եվրոպացուն իր անկեղծության համար:
Հարց է առաջանում, այդ դեպքում ի՞նչ են զննում ու քննում, ի՞նչ փաստեր են անդադար հավաքում այս մարդիկ: Եվ ամենասարսափելին` ինչու՞ են իրենց ներկայությամբ փափուկ բարձ դնում հայ ժողովրդի գլխի տակ, երբ չեն կանխելու ագրեսոր Ադրբեջանի ռազմական գործողությունները, ինչու՞ են հիմարացնում հայ ժողովրդին ու ցինիկաբար հայտարարում, թե հայերը շատ ուրախ ու ապահով են իրենց զգում ԵՄ դիտորդների ներկայությամբ:
Սո՛ւտ, սո՛ւտ սո՛ւտ` բոլոր կողմերից, մեջտեղում մոլորված Հայաստան, Արցախ ու հայ ժողովուրդ:
Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ